Նորություններ և իրադարձություններ

Վանաձորում բացվել է Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցը

Ամսաթիվ` 24.01.17

2017 թվականի հունվարի 20-ին, Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի աջակցությամբ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Յանդեքս.Տաքսի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, Յանդեքսի Ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ինչպես նաև տեխնոլոգիական և գործարար համայնքի ներկայացուցիչներ, Ծրագրավորման դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ:



Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Յանդեքս ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում:



Դասերը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել են հունվարի 21-ից և կանցկացվեն շաբաթը երկու անգամ: Դասընթացի տևողությունը մեկ տարի է: Այդ ընթացքում երեխաները կհասցնեն յուրացնել Python ծրագրավորման լեզվի հիմունքները և փորձել իրենց ուժերը փոքր նախագծերում: Ուսուցման ընթացքում կիրականացվի սովորողների առաջադիմության մշտական մոնիթորինգ և առաջադիմության գնահատում: Դասընթացը բարեհաջող ավարտած աշակերտները կստանան Հայաստանում Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի ավարտական վկայական:

Ծրագրավորման դպրոցում ուսումն անվճար է: Ուսուցման ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 147 դպրոցականներ, որոնցից ընտրվել է 28 հոգի: Նրանց դասավանդում են տեղի մասնագետները, որոնք Յանդեքսի Տվյալների վերլուծության դպրոցում անցել են ընտրության և ուսուցման երկու փուլ:

< Ետ դեպի ցուցակ