Նորություններ և իրադարձություններ
Ընտրական գործընթացների մասին ուսուցողական ֆիլմ
Ամսաթիվ` 24.01.08
Հունվարի 24-ին Արմենիա Մարիոտ հյուրանոցում տեղի ունեցավ ընտրական գործընթացների մասին ուսուցողական ֆիլմի ցուցադրում:
Ֆիլմը պատրաստել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA)` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փորձագիտական աջակցությամբ:
Բացման խոսքով հանդես եկավ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Անուշ Բեղլոյանը: Նրա խոսքերով` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտրությունների ընթացքում խախտումները տեղի են ունենում պատշաճ գործընթացների չիմացության պատճառով, և ֆիլմի նկարահանմամբ փորձ է արվել լրացնել այդ բացը:
Այնուհետև ներկաներին ողջունեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: Պարոն Կապինոսը կարևորեց ֆիլմի նշանակությունը այն առումով, որ այն պրակտիկ գիտելիքներ և հմտություններ կտա ընտրական հանձնաժողովների անդամներին: Իսկ պարոն Ազարյանը հավելեց, որ ֆիլմը օգտակար կլինի քաղաքացիների ընտրական մշակույթի բարձրացման գործում և դրա ստեղծումը կարելի է համարել ԿԸՀ-ի և միջազգային կազմակերպությունների համագործակցության լավագույն փորձ:
Ծրագրի իրավաբան փորձագետ Հրայր Թովմասյանը ներկայացրեց ֆիլմի բովանդակությունը և պատասխանեց ներկաների հարցերին: Նրա խոսքերով` ֆիլմը օրենսդրության դրույթների տեսողական աջակցություն է և դարձնում է դրանք ավելի մատչելի, հասկանալի և կիրառելի: Կրելով ուսումնական բնույթ` ֆիլմը մանրամասն ներկայացնում է նախընտրական և ընտրական գործընթացները, ինչպես նաև տեղամասային ընտրատարածքներում այդ գործընթացների մասնակիցների գործառույթները` դիտորդների, վստահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ՏԸՀ նախագահի, քարտուղարի և այլ անդամների:


