Նորություններ և իրադարձություններ
Հանրային լսումներ 2007
Ամսաթիվ` 27.12.07
APRA-ն շարունակում է «Հայաստանում քաղաքացիական հասարակության դերի ամրապնդումը կառավարման զարգացման գործընթացում» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է կառավարման թիրախային ոլորտներում շարունակական երկխոսության և համագործակցության մեխանիզմների ստեղծումը և պատասխանատու կառավարման սկզբունքների խթանումը:
2007 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ծրագրի շրջանակներում իրականացվեցին մի շարք հանրային լսումներ` ուղղված կառավարական որոշումների ընդուման հիմքում հասարակության դիրքորոշման առկայության ապահովմանը: Լսումների թեմաները հասարակական առավել մեծ հնչեղություն ստացած և արդիական հարցեր են:
Լսումներից երկուսը տեղի ունեցան արդարադատության նախարարությունում: Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը լսումների մասնակիցներին ներկայացրեց մի դեպքում ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Հատուկ քննչական ծառայության մասին ՀՀ օրենքի» նախագծի հիմնադրույթները, որոնք կարևորվում են հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, մյուս դեպքում` կալանավայրերում հսկողության ձևերը: Նյութերի ամփոփ ներկայացմանը հաջոդում էին ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ, առաջարկություններ:
Հերթական լսումները տեղի ունեցան Երևանի Պետական Համալսարանում: Բանախոսն էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնախնդիրների վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը: Այս անգամ լսումները վերաբերում էին հաշմանդամների խնդիրներին, նրանց ինտեգրմանը հասարակությանը: Բանախոսն ընդգծեց, որ ՀԿ-ների և նախարարության միջև աշխատանքը պետք է լինի գործընկերային, ինչի հետևանքով դրական արդյունքները շոշափելի կդռանան: Հատկանշական է, որ լսումներին ՀԿ-ների ներկայացուցիչներից և լրագրողներից բացի այս անգամ մասնակցում էին նաև ԵՊՀ ուսանողներ:
Դեկտեմբերի վերջին կայացած հանրային լսումների հաջորդ զույգը կրկին արդարադատության ոլորտին էր վերաբերում: Այս անգամ բանախոսը իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանն էր: Մասնագիտացված ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Երևան քաղաքի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը և 2005 թ. տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների գործնական հետևանքները: Քննարկումների ընթացքում նկատվում էր, որ ՀԿ-ները հիմնականում մտահոգված են այսօր գերխնդիր դարձած կոռուպցիայի արմատավորման և կառավարման գործընթացում հանրային մասնակցության ապահովման խնդրով:
Բոլոր միջոցառումներին ակտիվորեն մասնակցում էին նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները` թերթեր, հեռուստաընկերություններ, լրատվական գործակալություններ: Հեռուստատեսային հեռարձակումների և տպագիր հրապարակումների միջոցով հասարակությանը ներկայացվում է քաղաքացիական հասարակության դերի կարևորությունը պետական մակարդակով որոշումներ ընդունելու գործընթացում:
Հիշեցնենք, որ «Հայաստանում քաղաքացիական հասարակության դերի ամրապնդումը կառավարման զարգացման գործընթացում» ծրագիրը իրականացվում է APRA-ի և «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ի համագործակցությամբ:


