2011

"Երեխան պետք է ապրի ընտանիքում"

2011 թ. հունվարից «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան» սկսել է իրականացնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) «Երեխան պետք է ապրի ընտանիքում» ծրագրի հանրային իրազեկման արշավը: Արշավը միտված է աջակցել Հայաստանի կառավարությանը երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների` մասնավորապես, մանկատների և խնամքի այլ հաստատությունների բեռնաթափման ռազմավարության իրականացման գործում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ և «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» աջակցությամբ իրականացվող իրազեկման արշավը նպատակ ունի քարոզել երեխայի` ընտանիքում մեծանալու իրավունքը և հասարակության մեջ արմատավորել այն դիրքորոշումը, որ երեխայի համար ապրելու և դաստիարակության լավագույն վայրն ընտանիքն է, որ միայն այնտեղ երեխան կարող է զարգացնել իր առավելագույն ներուժը և որ որևէ դեպքում և պատճառաբանությամբ երեխային չպետք է հանձնել մանկատուն կամ խնամքի այլ հաստատություն:
Իրազեկման արշավի շրջանակներում նախատեսված է իրականացնել մի շարք միջոցառումներ և գործողություններ, որոնք կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Մասնավորապես կկազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչների, ոլորտի փորձագետների, պետական մարմինների ներկայացուցիչների, քաղաքական, մշակութային գործիչների հետ: Կպատրաստվեն և եթեր կհեռարձակվեն սոցիալական գովազդներ և փաստագրական ֆիլմեր, անց կկացվեն համերգներ Հայաստանի տարբեր մարզերում UNICEF-ի մանկական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Ծրագրում ընդգրկված փորձագետները կմասնակցեն առցանց ֆորումներում ծավալվող քննարկումների, հեռուստատեսային հարցազրույցների, կպատրաստվի ռադիոհաղորդում և այլն: Արշավում ներգրավված են երեխաների հիմնահարցերի փորձագետներ, քաղաքականություն մշակողներ, կարծիք ձևավորողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ծրագիրն իրականացվելու է լրատվամիջոցների հետ սերտ համագործակցությամբ:
Ծրագրի տևողությունն է 1 տարի:

URL: http://www.infokids.am

"Հանցանք և պատիժ"

2011 թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան իրականացնել է “Հանցանք և պատիժ” ծրագիրը, որի շրջանակներում պատրաստվել և հեռարձակվել են հեռուստահաղորդումներ տարբեր տիպի հանցագործությունների և դրանց համար հասանելիք օրինական պատժամիջոցների, դատական գործընթացների վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվել է ՀՀ Դատախազության կողմից: Այն իր բնույթով կրթական-տեղեկատվական էր և նպատակ ուներ բարձրացնել հասարակության տարբեր խմբերի մոտ դատական գործընթացներում իրենց իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև դրանց պաշտպանության մեխանիզմների մասին տեղեկացվածության մակարդակը: Ընդհանուր առմամբ նկարահանվել է 16 հաղորդում, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է եղել արդեն բացահայտված կամ ընթացքի մեջ գտնվող որոշակի գործի, ունեցել է իր հերոսը/ները և փորձագետները, ինչպես նաև այլ մարդիկ, ովքեր անմիջականորեն առնչվել են գործին:
Հաղորդաշարը եթեր է հեռարձակվել “Երկիր Մեդիա” և ԱՐ հեռուստաալիքներով:

Դատաիրավական բարեփոխումները Հայստանում

2011 թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան իրականացրել է երկու ծրագիր ուղղված Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ծրագրով իրականացված աշխատանքների վերաբերյալ հանրության իրազեկվածության աստիճանի բարձրացմանը: Առաջին ծրագիրը Դատաիրավական բարեփոխումների ծրագրով իրականացված աշխատանքների և արդյունքների, անցած պատմության և ներկա վիճակի վերաբերյալ հեռուստատեսային վավերագրական ֆիլմի պատրաստումը և հեռարձակումն էր: Շուրջ 40 րոպե տևողությամբ վավերագրական տեսաֆիլմն ընդգրկել է ինչպես վավերագրական նյութեր համակարգում իրականացվող ներկայիս ծրագրերի վերաբերյալ, այնպես էլ որոշակի արխիվային նյութեր, հանրային հարցազրույցներ և փորձագիտական գնահատականներ:
Երկրորդ ծրագիրը Դատաիրավական բարեփոխումների Երկրորդ ծրագրի շրջանակներում ստեղծված www.arlis.am www.datalex.am կայքերի մասին սոցիալական տեսահոլովակների պատրաստումն ու հեռարձակումն էր: Նկարահանվել է 3 տեսահոլովակ, որոնցում համառոտ ներկայացված են կայքերի միջոցով մատուցվող ծառայությունները, հանրության համար դրանց պիտանելիությունը:
Ֆիլմը և հոլովակները եթեր են հեռարձակվել Հայաստանի հանրային և Երկր Մեդիա հեռուստատեսություններով:

Տնտեսական մրցունակության գաղափարը Հայաստանում

2010 դեկտեմբերից մինչև 2011 փետրվար Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան իրականացրել է “Տնտեսական մրցակցության գաղափարը” ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության “Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում” (CAPS) ծրագրի աջակցությամբ: Ծրագրի նպատակն էր բարձրացնել CAPS ծրագրի շահառուների տեղեկացվածության մակարդակը տնտեսական մրցունակության գաղափարի մասին ընդհանրապես և “Հայաստանի մրցունակության հաշվետվություն 2010”-ի մասին` մասնավորապես: Ծրագիրն ուղղված էր հասարակայնություն-մասնավոր հատված երկխոսության ուժեղացմանը և մրցունակությանն ու դրան ուղղված բարեփոխումների հանրայնացմանը:
Ծրագրի շրջանակներում անց են կացվել հարցազրույցներ CAPS-ի հիմնական աշխատակիցների և գործընկերների, մասնավորապես գիտական կառույցների ներկայացուցիչների հետ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների և “Հայաստանի մրցունակության հաշվետվություն 2010”-ի վերաբերյալ, ծավալվել են հանրային քննարկումներ և լսումեր, նկարահանվել և Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվել են Հայաստանում տնտեսական մրցակցության վերաբերյալ հաղորդումներ: