2008

«Երեխաների իրավունքները նորովի»

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամր շարունակում են իրենց համատեղ ծրագրերը և այս անգամ իրականացնում են «Երեխաների իրավունքները նորովի» կրթական և հանրային իրազեկման արշավ: Ծրագրի ընթացքում անց են կացվելու մրցույթներ «Երեխաների խնդիրների վերաբերյալ լավագույն լրագրողական նյութ» թեմայով`Հայաստանում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար, իսկ հայաստանյան հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար` երեխաների իրավունքներին նվիրված դասընթացի սցենարների մրցույթ:

2008 թվականի նոյեմբերի 20 ին` երեխաների համաշխարհային օրը տեղի կունենա մրցանակաբաշխություն:

Հանրային իրազեկման և տեղեկատվական արշավ` «Կանայք և հասարակությունը»

«Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան» Միացյալ Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի աջակցությամբ 2007 թ. դեկտեմբերից իրականացնում է հանրային իրազեկման և տեղեկատվական արշավ` «Կանայք և հասարակությունը» թեմայով: Ծրագրի նպատակն է բարձրացնել կանանց խտրականության դեպքերի և դրանց հետևանքների վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը և զարգացնել հասարակության անդամների կարողությունը` արձագանքել այդ խտրականության դեպքերին: Ծրագիրը նպատակ ունի նաև կոչ անել լրագրողներին` ավելի շատ և ավելի որակյալ նյութեր և ռեպորտաժներ պատրաստել Հայաստանում գենդերային հավասարության հարցերով, տրամադրել հավասարակշիռ և տեղեկատվությամբ հարուստ նյութեր:
Նպատակներին հասնելու համար նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ: Մասնավորապես նախատեսվում է կազմակերպել փորձագիտական քննարկումներ «Կինը և ընտանիքը», «Կինը և հասարակությունը», «Կին առաջնորդներ. հաջողված փորձ հայաստանյան հասարակությունում», «Կինը և կառավարումը», «Կինը և քաղաքականությունը» և այլ թեմաներով, որոնց կմասնակցեն նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և ողջ ընթացքում կլուսաբանեն ծրագրի գործունեությունը:
Բացի դրանից Panorama.am թերթի հատուկ թողարկում կպատրաստվի, որում կներկայացվեն հարցազրույցներ քննարկումների մասնակիցների հետ, քննարկումների զեկույցներ և վերլուծական նյութեր: Ծրագրի ողջ ընթացքում հատուկ հայտարարություններ և զեկույցներ պարբերաբար կտեղադրվեն www.Panorama.am նորությունների կայքում:
Ծրագրի շրջանակներում կպատրաստվի նաև սոցիալական տեսահոլովակ, որը կանդրադառնա փոխվող հասարակությունում կանանց դերի բարձրացմանը: Հոլովակը կհեռարձակվի ինչպես երևանյան, այնպես էլ մարզային հեռուստաալիքներով, ԶԼՄ-ների պատրաստած այլ նյութերը ևս կտարածվեն ողջ Հայաստանում:
Ծրագրի հիմնական արդյունքները կչափվեն մամուլում հասարակության մեջ կնոջ դերի մասին հանրային քննարկումների վերաբերյալ նյութերի քանակի և որակի մոնիթորինգի միջոցով, որը կիրականացվի մեկ ամիս շարունակ: