2007

PR արշավ և PR դասընթացներ ՀԿ-ների համար

2007 թվականի ամռանը և աշնանը Եվրասիա Հիմնադրամի հետ համատեղ ՀԿՀԱ-ի փորձառու մասնագետները «Հայաստանի Մայրության կենտրոն» ՀԿ-ի անձնակազմի համար իրականացրեցին «PR հայաստանյան հասարակական կազմակերպությունների համար» հատուկ դասընթաց` տրամադրելով տեսական և գործնական գիտելիքներ և հմտություններ հասարակայնության հետ կապերի, դրամահավաքության, ԶԼՄ կապերի և այլ ոլորտներում: Հետագայում նույն ծրագրով դասընթացներ անցկացվեցին նաև «Արազա» ՀԿ-ի անձնակազմի համար: Դասընթացների ավարտին բոլոր մասնակիցները ստացան անվանական վկայականներ:
Ծրագրի շրջանակներում ՀԿՀԱ-ն մշակեց «Հայաստանի Մայրության կենտրոն» ՀԿ-ի համար PR ռազմավարություն և կորպորատիվ փաթեթ, որը ներառում է պատկերանիշի ստեղծում, կորպորատիվ գույներ, տառատեսակներ, ակսեսուարների դիզայն և այլն:
Ծրագրի ավարտին ստեղծվեց նաև կազմակերպության կայքը` http://www.maternity.am:

«Դարձիր նախագահ» համակարգչային խաղի ստեղծումը

2007 թ. աշնանը Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան մասնակցեց «Դարձիր նախագահ» համակարգչային խաղի ստեղծմանը` իրականացնելով հեղինակ-փորձագետի գործառույթ, բովանդակության մշակման աշխատանքներ և խաղի առանձին բաժնի համար կազմելով Մեծ Բրիտանիայի վերաբերյալ հարցաշար:
Խաղը նախատեսված է դպրոցական բարձր տարիքի աշակերտների համար և խաղացողից պահանջում է գիտելիքի և տեղեկացվածության բարձր մակարդակ:
Խաղացողը փորձում է նախագահ դառնալ` ընտրելով համապատասխան քաղաքական դիրքորոշում, իրականացնելով նախընտրական արշավը:
Նախատեսվում է, որ խաղը նախագահ դառնալու բարդ գործընթացին ծանոթացնելուն զուգահեռ` պատանիներին կսովորեցնի պատասխանատու լինել և ապագա աշխատանքում հավատարիմ մնալ ժողովրդավարության արժեքներին:

«Երեխաների պատկերը չքողարկված» ծրագրի շարունակությունը

2007 թվականին ՀԿՀԱ-ն շարունակեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Երեխաների պատկերը չքողարկված» ծրագիրը:
Նկարահանվել և հեռարձակվել է կրթական ֆիլմ` կրթական բարեփոխումների վերաբերյալ: Այն ընդգրկում է դպրոցական բարեփոխումներին վերաբերող հարցերի ողջ շարանը` նախադպրոցական կրթությունից և մինչև դպրոցի ավագ դասարաններ:
Նախքան նկարահանումը մանրամասն հետազոտություններ են իրականացվել կրթության ոլորտում հատուկ խնդիրների բացահայտման նպատակով և հարցազրույցներ են արվել փորձագետների հետ:
Մշակվել է www.infokids.am ԶԼՄ-ների էլեկտրոնային ռեսուրս-կենտրոնը, որը պարունակում է տեղեկություններ` ծրագրի անցած և ընթացիկ փուլերի մասին, երեխաների հարցերին վերաբերող փաստաթղթեր և նյութեր, փորձագետների կարծիքներ, ուսումնասիրություններ, վիճակագրական տվյալներ, ինչպես նաև թեմատիկ հղումներ և թեժ գիծ:
Կրթական բարեփոխումներին նվիրված սեմինարը անցկացվեց 2007 թ. սեպտեմբերի 8-9-ին:
Սեպտեմբերին տարբեր ԶԼՄ-ների լրագրողների մասնակցությամբ անցկացվեց սեմինար` նվիրված կրթական բարեփոխումներին: Կառավարական գործակալությունների (կրթության նախարարություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, գիտելիքի թեսթավորման և գնահատման կենտրոն) և ՀԿ-ների ներկայացուցիչները զեկուցեցին Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ: Հետագայում սեմինարը լուսաբանվեց տարբեր լրագրողական նյութերում:

Հակակոռուպցիոն հանրային ընդունարանների PR արշավ

Լինելով ԵԱՀԿ Հակակոռուպցիոն ՀԿ-ների կոալիցիայի անդամ` ՀԿՀԱ-ն իրականացրել է ԵԱՀԿ հակակոռուպցիոն հանրային ընդունարանների PR արշավ, վերջիններս գտնվում են Երևանում, Ստեփանավանում և Մարտունիում և տրամադրում են իրավական խորհրդատվություն հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Ի թիվս այլ PR ծառայությունների` մեր մասնագետների անցկացվել են Հակակոռուպցիոն ՀԿ-ների կոալիցիայի կլոր սեղան, պատրաստել են տեղեկատվական բրոշյուր և կարճ հեռուստահոլովակ, որը հեռարձակվել է բազմաթիվ հեռուստաալիքներով: Մենք պատրաստել ենք նաև հոդվածներ, հարցազրույցներ և այլ նյութեր www.panorama.am տեղեկատվական պորտալի և Panorama.am թերթի համար: Որպես PR որշավի հիմնական քայլ` մենք ստեղծել ենք www.anticorrution.am կայքը, որը տեղեկություններ է պարունակում ընդունարանների գործունեության, փորձագետների և համապատասխան բնագավառում վերջին իրադարձությունների վերաբերյալ, կայքում գործում է նաև թեժ գիծ:

Հայաստանում քաղաքացիական հասարակության դերի ամրապնդումը կառավարման զարգացման գործընթացում

2007 թ. ապրիլից Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան` “Երիտասարդական նվաճումներ” ՀԿ-ի հետ համագործակցելով սկսել է “Քաղաքացիական հասարակության դերի ամրապնդումը Հայաստանում կառավարման զարգացման գործընթացում” նախագիծը, որը տևելու է մեկ և կես տարի:
Նախաձեռնության շրջանակներում կազմակերպությունները համագործակցում են Արդարադատության, Սոցիալական ապահովության և Բնապահպանության ոլորտները համակարգող պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ:
Ծրագրի նպատակն է` հաստատել շարունակական երկխոսության և համագործակցության մեխանիզմներ կառավարման թիրախային ոլորտներում, խթանել պատասխանատու կառավարման սկզբունքների ստեղծումը:
Նշված նպատակների իրականացման համար ստեղծվել են քաղաքացիական խորհրդատու կոմիտեներ, որոնց կազմում են ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոմիտեները կոչված են կառավարության թիրախային ոլորտները համակարգող մարմինների ներկայացուցիչների հետ հանրային լսումների ընթացքում քննարկել հարցեր, որոնց վերաբերյալ կառավարական մակարդակով որոշումներ պետք է ընդունվեն` խորհրդատվական գործառույթի իրացմամբ մասնակցություն ունենալով վերջիններիս աշխատանքում:
Հանրային լսումներն ուղղված են կառավարական որոշումների ընդուման հիմքում հասարակության դիրքորոշման առկայության ապահովմանը: Դրանց թեմաները ընտրվում են նախօրոք` ՔԽԿ-ների և կառավարության ներկայացուցիչների քննարկումների արդյունքում:
Նախքան կոմիտեների աշխատանքը սկսելը իրականացվել են նրանց կարողությունների հզորացմանն ուղղված դասընթացներ` քաղաքացիական դեբատների, գործընկերական կապերի հաստատման, ցանցերի ստեղծման և բանակցությունների վարման բնագավառներում:
ՔԽԿ-ների աշխատանքների լուսաբանումն իրականացվելու է ծրագրի կայքի ստեղծման, բրոշյուրների հրատարակման, թերթերում թեմատիկ ներդիրների տեղադրման միջոցով:
Ծրագրի շահառուն հայաստանյան հասարակությունն է` նարառյալ ՀԿ-ները, պետական մակարդակի որոշումներ ընդունողները, երիտասարդությունը և ԶԼՄ-ները: