2004

PR աջակցություն

2003 թվականի հունիսին Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան համագործակցության պայմանագիր է ստորագրել Bearing Point Consulting ընկերության հետ՝ վերջինիս՝ Հայաստանի մասնավոր սեկտորը զարգացնելուն միտված նախաձեռնությանը PR օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Այս պայմանագրի շրջանակներում, 2003 թվականի դեկտեմբերից մինչեւ 2004 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, ասոցիացիան աջակցել է ԶԼՄ-ների եւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների համար սեմինարների եւ մամուլի ասուլիսների կազմակերպմանն ու անցկացմանը՝ նվիրված Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության նշանակությանն ու հնարավորություններին:

Ասոցիացիաի աշխատանքը ԲՈՒՀ - երում

Հասարակայնության հետ կապերի ասոցիացիայի աջակցությամբ -ռուս - հայկական (սլավոնական) համալսարանի քաղաքագիտության եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետներում մշակվել եւ դասավանդվում են մի շարք առարկաներ: «Հաղորդակցության հիմունքներ եւ տեխնոլոգիաներ», «Գովազդի եւ PR-ի հիմունքներ », «PR-ի տեխնոլոգիաներ» թեմաներով:

Ասոցիացիայի անդամներն աշխատում են նման դասաժամեր Երեւանի պետական համալսարանում եւս մտցնելու ուղղությամբ:

Թոք շոու` նվիրված կոռուպցիայի հիմնախնդրին

2004 թ. դեկտեմբերին ասոցիացիան, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հակակոռուպցիոն նախաձեռնության ֆինանսավորմամբ, կազմակերպել է հեռուստատեսային թոք-շոու՝ նվիրված առողջապահական եւ կրթական համակարգերում կոռուպցիայի հիմնախնդիրներին:

Խորհրդարանական ընտրություններ


2003 թվականի փետրվար – ապրիլ ամիսներին Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան մասնակցել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին քաղաքացիների իրազեկությունր բարձրացնելուն ուղղված արշավին:
Մասնավորապես՝ քաղաքացիական բաց երկխոսությանը նպաստելու համար, «Համահայկական ցանց» հասարակական կազմակերպության հետ միասին ասոցիացիան ստեղծել էր ինտերնետային էջ՝ տեղադրելով համապարփակ տեղեկատվություն՝ կուսակցությունների, դաշինքների նախընտրական ծրագրերի մասին, պատգամավորության թեկնածուների կենսագրությունները եւ այլն: Կայքէջը հնարավորություն էր տալիս պոտենցիալ ընտրողներին հարցեր ուղղել կուսակցությունների եւ նախընտրական դաշինքների ներկայացուցիչներին, որոնց հիման վրա վերջիններիս հետ կազմակերպվել են հարցազրույցներ ռադիոյի եթերում: Հարցազրույցների տեքստերը տեղադրվել են նաեւ կայքէջում եւ տպագրվել առանձին պարբերականով:
Սույն ծրագիրն իրականացվել է «Համաշխարհային ուսուցում» (Ուորլդ Լերնինգ) ոչ կառավարական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

ՀՀ Տնտեսական դատարանի տեղեկատվական կենտրոն


2004 թվականի ապրիլին հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան, Եվրոպական հանձնաժողովի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նախաձեռնության կենտրոնի ֆինանսավորմամբ, «Երիտասարդական նվաճումներ» կազմակերպության հետ համագործակցաբար սկսել է ՀՀ տնտեսական դատարանի (www.economic-court.am) ինտերնետային տեղեկատվական կենտրոնի ստեղծման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:
Ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել Հայաստանի դատական համակարգի թափանցիկացմանը եւ մեծացնել, մասնավորապես, ՀՀ տնտեսական դատարանի վարչական տեղեկատվության մատչելիության շրջանակները:
Երեւանի «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում փետրվարի 25-ին տեղի ունեցավ ՀՀ տնտեսական դատարանի ինտերնետային տեղեկատվական կենտրոնի բացման արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ գործադիր եւ դատական իշխանությունների, ինչպես նաեւ հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Կարևորելով ինտերնետային կենտրոնի ստեղծումը՝ նախարարը արձանագրեց, որ այն բավական չէ դատական համակարգի թափանցիկությունն ապահովելու համար, սակայն կարևոր քայլ է այդ նպատակին հասնելու գործում:

ՀՀ տնտեսական դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը դատարանի անունից պարտավորություն ստանձնեց պարբերաբար թարմացնել կայքէջի բովանդակությունը՝ դատարանին վերաբերող և դատարանում քննվող գործերի մասին նոր տեղեկատվությամբ:
Ծրագրի հաշվետվություն (PDF eng 400Kb)

Պայքար անբարեխիղճ գովազդի դեմ

2003 թվականի հունիսին ասոցիացիան իրականացրել է հասարակական միջոցառումներ՝ կոչված պաշտպանելու «Թելեփլաս» ընկերության՝ «Ծանոթություն» ծառայության գովազդից տուժած քաղաքացիների իրավունքները: «Հեռախոսային» ծանոթությունների արդյունքում քաղաքացիները զրկվել էին հեռախոսակապից՝ հեռախոսակապի հետ ընդհանրություններ չունեցող ծառայություններից օգտվելու համար գոյացած պարտքերի պատճառով (մի քանի հարյուր դեպք): Գովազդը, լինելով բավական գայթակղիչ հատկապես անչափահասների համար, հստակ տեղեկատվություն չէր պարունակում գովազդվող ծառայությունների գների մասին: «Թելեփլասի» ծառայություններից իրենց երեխաների օգտվելու մասին ծնողները, հիմնականում, իմանում էին հաշիվները ստանալիս, իսկ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, անչափահասների դյուրահավատությունն օգտագործող գովազդը համարվում է անբարեխիղճ: Քաղաքացիներն իրենց դժգոհություններն առավելապես ուղղում էին «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկությանը: Տեսականորեն նրանք կարող էին դիմել նաեւ դատարան, բայց իրավիճակի հնարավոր շտկման վերաբերյալ պատկան նախարարության պաշտոնյաների ակնարկները արգելակում էին այդ գործընթացը: Ստանալով սոցիալական պատասխանատվություն ունեցող զանգվածային լրատվության միջոցների աջակցությունը՝ ասոցիացիան մշակեց հայցադիմումի ձեւ, ինչն անգամ որոշ թերթեր տպագրեցին ամբողջությամբ:
Մեր գործընկերների եւ ընկերների աջակցությամբ հայցադիմումի ձեւը տեղադրվեց նաեւ ինտերնետում, իսկ կայքէջի հասցեն հրապարակվեց բոլոր լրատվամիջոցներով: ԶԼՄ-ների բարեխիղճ աջակցությամբ ասոցիացիայի կողմից կազմակերպված եւ անցկացված բազմաթիվ հանդիպումների, մամուլի ասուլիսների եւ այլ հասարակական միջոցառումների արդյունքում՝ հաջողվեց խնդրին հաղորդել հասարակական մեծ հնչեղություն եւ մեկնաբանություններ ստանալ ՀՀ արդարադատության, տրանսպորտի եւ կապի նախարարություններից: Հեռահաղորդակցության ոլորտի մասնագետ, հայտնի իրավաբան Դավիթ Սանդուխչյանի աջակցությամբ եւ ակտիվ մասնակցությամբ նախաձեռնվեց դատական գործընթաց, որը տեւեց մոտ 8 ամիս: Պայքարի արդյունքում ստեղծվեց դատական նախադեպ, որը հաստատվեց նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի տնտեսական եւ քաղաքացիական գործերով պալատի կողմից՝ անփոփոխ թողնելով «Թելեփլաս» ընկերության գովազդը անբարեխիղճ ճանաչելու եւ անջատված հեռախոսակապը վերականգնելու մասին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի եւ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռները:
Քաղաքացիների հեռախոսակապը վերականգնվեց դատական կարգով:

Սպառողների շահերի պաշտպանություն

2004 թվականի հունվար-հունիս ամիսներին ասոցիացիան իրականացրել է սպառողների շահերի պաշտպանությանը միտված ակցիա՝ փորձաքննության ուղարկելով հայկական շուկայում սպառվող տարբեր անուն-սուրճի նմուշներ: Հետազոտության առիթը՝ Հայաստանի սուրճի շուկայում տիրող վիճակն էր:
Ասոցիացիայի փորձագետների դիտարկումներով, տարբեր ապրանքանիշերի սուրճերի «կյանքի» միջին տեւողությունը 3-6 ամիս էր: Շուկայում հայտնվում էր նոր ապրանքանիշի սուրճ, որը վաճառքում գտնվում էր 3-6 ամիս եւ անհետանում. նրա տեղը համալրում էր նույնանման ապրանքանիշի եւ արժեքի այլ սուրճ: Միջազգային պրակտիկայում ապրանքանիշերի նման միգրացիան, որպես կանոն, նշանակում է, որ արտադրողը այնքան էլ շահագրգռված չէ իր ապրանքանիշի կայունությամբ եւ, հնարավոր է, որակի մեջ: Այդ իսկ պատճառով որոշվեց անհամեմատ մեծ սպառում ունեցող սուրճի տեսակներ (հատկապես այն սուրճերը, որոնց արտաքին փաթեթավորման վրա առկա է հնարավոր շահումների եւ մրցանակների մասին հիշատակում՝ գնորդին շահագրգռելու համար) ենթարկել լաբորատոր հետազոտման:
Հետազոտությունների արդյունքների հիման վրա ասոցիացիայի կողմից ներկայացվեց հաշվետվություն՝ սուրճերի որոշ տեսակներում առողջության համար վտանգավոր տարրերի, օրինակ՝ կադմիումի եւ այլ ծանր մետաղների թույլատրելիից ավելի մեծ քանակի առկայության մասին: Փորձագետների կողմից սուրճերի որոշ տեսակներում հայտնաբերվել էին նաեւ այլ օտար խառնուրդներ:

Տղամարդիկ ընդդեմ ընտանեկան բռնության

2005թ. փետրվարից ասոցիացիան սկսել է «Տղամարդիկ ընդդեմ ընտանեկան բռնության» ծրագրի իրագործումը: Ծրագրի նպատակն է՝ հանրության ուշադրությունը սեւեռել կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի վրա ընդհանրապես, ընտանեկան բռնության խնդիրների վրա՝ մասնավորապես եւ նպաստել դրանց կանխարգելմանը: Նախատեսվում է ներկայացնել բռնությունը կանխարգելող նոր գաղափարներ, որոնք կօժանդակեն կանանց իրավունքների պաշտպանությանը:
Սույն ծրագիրն ասոցիացիան իրականացնում է «Երիտասարդական Նվաճումներ» ՀԿ-ի հետ միասին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից 2004 թվականի նոյեմբերին ստացած դրամաշնորհի շրջանակներում:
Ծրագիրը ավարտվել է 2005 թ. օգոստոսին: Դուք կարող եք ծանոթանալ ծրագրի համառոտ հաշվետվությանը այստեղ: