Գործադիր մարմին

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի բարձրագույն ղեկավար մարմինն է ասոցիացիայի անդամների ընդհանուր ժողովը:

Ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին առնվազն մեկ անգամ, այն որոշում է ասոցիացիայի հետագա գործունեության ուղղվածությունը, ռազմավարությունը, գործառույթների արդյունավետությունը:

Ընդհանուր ժողովն ընտրում է վարչություն, որն էլ վերահսկում է ասոցիացիայի ընդհանուր գործունեությունը՝ ընդհանուր ժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում: Ներկայումս, վարչությունն ունի երեք անդամ.

•նախագահ
•փոխնախագահ
•վարչությաւն անդամ

Կազմակերպության ամենօրյա գործունեության կառավարումն իրականացնում է ասոցիացիայի գործադիր տնօրենը, որին ընտրում է վարչությունը՝ մեկ տարի ժամկետով:

ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ – ՆԱԽԱԳԱՀ

Արա Սաղաթելյանն ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ՝ լրագրության, հասարակայնության հետ կապերի ոլորտներում եւ կրթական համակարգում:
Լրագրության ասպարեզում մասնագիտական գործունեությունն սկսել է դեռեւս պատանեկան տարիքից՝ թղթակցելով ռուսալեզու մի շարք պարբերականների: Տպագրվել է նախ՝ «Пионерская правда», ապա՝ «Koмсомолец», «Строительная газета» թերթերում, եղել է "Деловой Мир" պարբերականի Անդրկովկասի մասնաճյուղի տեղեկատվական ծառայության ղեկավարը: 1991 թվականին համախոհների հետ միասին հիմնադրել եւ ղեկավարել է «Армянский Биржевой Вестник» տնտեսական շաբաթաթերթը:
Հասարակայնության հետ կապերի ոլորտում պրոֆեսիոնալ աշխատանքը սկսել է 1992 թվականից՝ անուղղակի կառավարելով պետական եւ մասնավոր սեկտորների, այդ թվում՝ ուժային գերատեսչությունների, քաղաքացիական ավիացիայի համապատասխան ստորաբաժանումները: 2001 թվականից միջեւ 2006 թվականի մարտ ամիսը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը:
Ներկայումս Արա Սաղաթելյանը զբաղեցնում է "Իմ իրավունքը" շաբաթաթերթի եւ http://www.panorama.am/ տեղեկատվական կայքի Խմբագրային Խորհրդի Նախագահի պաշտոնը:
Հասարակայնության հետ կապերի ոլորտում պրակտիկ գործունեությունը համատեղում է դասախոսական գործունեության հետ: Եղել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար համալսարանի Երեւանի մասնաճյուղի պրոռեկտորը եւ միաժամանակ դասավանդել «Կոնֆլիկտաբանություն» հատուկ դասընթացը: Իսկ վերջին տարիներին դասավանդում է մանկավարժություն՝ Երեւանի պետական համալսարանում:
Զբաղվում է հեռակա կրթության տեխնոլոգիաների եւ հասարակայնության հետ կապերի գիտական հետազոտությամբ: Հեղինակ է մոտ մեկ տասնյակ գիտական հոդվածների՝ նվիրված հեռակա կրթությանն ու հասարակայնության հետ կապերին:
Հանդիսանալով Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահը՝ Արա Սաղաթելյանն իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը:

ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ - ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Արման Սաղաթելյանը մասնագիտական գործունեությունը սկսել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում 1991 թ.՝ լինելով «Գործ» հաղորդման համահեղինակն ու հաղորդավարը: 1997-1999 թթ ժամկետային ծառայություն է անցել ՀՀ ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչությունում՝ որպես թղթակից եւ կիրակնօրյա «Զինուժ» հեռուստահաղորդման հաղորդավար՝ ծրագրի առաջին եթերից: 2000-2010 թթ ՀՀ ՊՆ համակարգում աշխատել է որպես քարոզչության եւ հասարակայնության հետ կապերի քաղաքացիական մասնագետ, ՀՀ ՊՆ ՔՎ «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար: 2003-2004 թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում, նախ՝ որպես հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, ապա՝ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար: 2010-2011 թթ աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես խորհրդական: 2011 թ-ից «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրենն է: 2012 թ-ից՝ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ:
2001 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: 2011 թվականից ԵՊԼՀ «Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի» (ամբիոնի) ղեկավարն է՝ հիմնադրման օրվանից: Բազմաթիվ գիտական հոդվածների և ուսումնական ծրագրերի հեղինակ և համահեղինակ է, քաղաքական գիտությունների թեկնածու:
2013 թվականին նշանակվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար:
Հանդիսացել է զանգվածային հաղորդակցության և հեռուստատեսության բնագավառում իրականացված մի քանի տասնյակ նախագծերի հեղինակն ու ղեկավարը: Արցախյան ազատամարտին նվիրված «Կյանքի նյարդը» գրքի հեղինակն է, գրականության ոլորտում միջազգային մրցանակների դափնեկիր:
ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա է: Պարգեւատրված է «1992-1994 թթ մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ» մեդալով, անձնական զենքով:
Լինելով ասոցիացիայի փոխնախագահը՝ Արման Սաղաթելյանն ապահովում է զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը, ինչպես նաեւ պոտենցիալ գործընկերների հետ հարաբերությունների հաստատումը, մասնակցում նախագծերի զարգացման ռազմավարության մշակմանը:

ՏԱԹԵՎԻԿ ՓԻՐՈՒՄՅԱՆ - ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

Տաթևիկ Փիրումյանը 2007 թվականից ակտիվորեն ներգրավված է Հասարակայնության հետ կապերի (PR) ոլորտում, ունի հանրային իրազեկման ռազմավարությունների մշակման, քննարկումների իրականացման փորձ, ղեկավարում է հանրային իրազեկման ծրագրեր։ PR ոլորում աշխատելու տարիներին իրականացրել և ղեկավարել է ծրագրեր այնպիսի կազմակերպությունների համար, ինչպիսիք են ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը, Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերությունը (GTZ), ԱՄՆՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը, ԱՄՆՄԶԳ Հայաստանի մասնավոր սեկտորի մրցունակության ծրագիրը և այլն։ Բացի դրանից, Տաթևիկ Փիրումյանը սոցիոլոգիայի մագիստրոս է և ունի սոցիոլոգիական հետազոտությունների ավելի քան 9 տարվա փորձ (և քանակական, և որակական մեթոդների կիրառմամբ).
2007-2010 թվականներին նա աշխատել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում` որպես դասախոս (“Տնտեսական սոցիոլոգիա” և “Էթնիկ խմբերի սոցիոլոգիա”). Ներկայումս նա դասավանդում է “Հաղորդակցության սոցիոլոգիա” և “Սոցիալական մարկետինգ” Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: