Հիմնական փաստաթղթեր

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան,
  • հիմնվելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա,
  • կարևորելով խոսքի ազատությունն ու հարգելով քաղաքացու ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքը,
  • գիտակցելով պատասխանատվությունը տրամադրվող տեղեկատվության հավաստիության և ճշգրտության համար,
  • արժեվորելով հասարակայնության հետ կապերի ոլորտում բարոյական և մասնագիտական վարքագծի կանոնների սահմանումն ու կիրառումը,

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ է
ասոցիացիայի անդամների` մասնագիտական գործունեության վարքագծի հետևյալ կանոնները և կոչ անում հասարակայնության հետ կապերի ոլորտում գործող բոլոր կառույցներին ու անհատներին ընդունել դրանք` որպես մասնագիտական գործունեության անբաժան մաս:

1. Ընդհանուր դրույթներ
1.1. Հասարակայնության հետ կապերի մասնագետի գործունեությունը պետք է բխի հանրության շահերից և չպետք է վնասի որևէ անձի օրինական շահերը կամ նսեմացնի նրա պատիվն ու արժանապատվությունը:
1.2. Հասարակայնության հետ կապերի մասնագետի տրամադրած տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ և բարեխիղճ: Սխալ (ոչ ճիշտ) տեղեկատվություն տարածելու, հանրությանը մոլորեցնելու, թյուր հասարակական կարծիք ձևավորելու բոլոր փորձերն անթույլատրելի են և դատապարտելի:

2. Պատվիրատուի (կամ վստահորդի) հետ հարաբերությունների սկզբունքները
2.1. Հասարակայնության հետ կապերի մասնագետը չի կարող միաժամանակ ներկայացնել մրցակցող կամ տարաձայնող կողմերի շահերը` առանց վերջիններիս նախնական համաձայնության:
2.2. Հասարակայնության հետ կապերի մասնագետը պարտավոր է ապահովել նախկին, ներկա և պոտենցիալ պատվիրատուի (կամ վստահորդի) տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ պատվիրատուն այդ տեղեկատվությունը տրամադրել է հանրային օգտագործման կամ տվել է իր համաձայնությունը` այն բացահայտելու համար: Գաղտնիության սկզբունքը կարող է սահմանափակվել միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` դատական կարգով:
2.3. Եթե հասարակայնության հետ կապերի մասնագետի անձնական շահերը կամ պարտավորությունները հակասում են պատվիրատուի (կամ վստահորդի) շահերին, ապա նա պարտավոր է այդ մասին հայտնել պատվիրատուին կամ վստահորդին: Մասնագետը չպետք է ուղղորդի պատվիրատուին կամ վստահորդին համագործակցելու այն ընկերությունների և կազմակերպությունների հետ, որտեղ ինքն ունի նյութական կամ այլ շահեր` առանց այդ մասին նախապես նրան հայտնելու:
Անթույլատրելի է պատվիրատուին կամ վստահորդին մատուցած ծառայությունների դիմաց երրորդ անձի կողմից որևէ պարգևատրում ստանալը` առանց պատվիրատուի (կամ վստահորդի) նախնական համաձայնության:
2.5. Հասարակայնության հետ կապերի մասնագետը պատվիրատուների (կամ վստահորդների) հետ հարաբերություններում չպետք է
ա) օգտագործի պատվիրատուին (կամ վստահորդին) վերաբերող տեղեկությունները` առանց նրա նախնական համաձայնության,
բ) երաշխավորի այնպիսի արդյունքներ, որոնց ձեռքբերումը չի գտնվում իր անմիջական վերահսկողության ներքո,
գ) ծառայություններ մատուցի այնպիսի պայմաններով, որոնք կարող են ազդել իր անկախության և բարի համբավի վրա,
դ) կնքի այնպիսի պայմանագրեր կամ գործարքներ, որոնք որոշակի արդյունքներ են երաշխավորում սույն կանոններին հակասող սկզբունքների կիրառմամբ:
2.6 Եթե պատվիրատուին (կամ վստահորդին) մատուցվող ծառայությունները կարող են հանգեցնել մասնագիտական գործունեության վարքագծի կանոնների խախտման կամ ենթադրում են սույն կանոններով ամրագրված սկզբունքներին հակասող գործողություններ, ապա հասարակայնության հետ կապերի մասնագետը պետք է անմիջապես այդ մասին տեղեկացնի պատվիրատուին (կամ վստահորդին): Եթե պատվիրատուն (կամ վստահորդը) չի հրաժարվում իր մտադրություններից, ապա հասարակայնության հետ կապերի մասնագետը, այնուամենայնիվ, պարտավոր է հետևել սույն կանոններին` անկախ հնարավոր հետևանքներից:

3. Գործընկերների հետ հարաբերությունների սկզբունքները
3.1. Գործընկերների հետ հարաբերություններում հասարակայնության հետ կապերի մասնագետը պետք է խուսափի անազնիվ մրցակցությունից և չպետք է կանխամտածված վնասի նրանց մասնագիտական հեղինակությանը կամ աշխատանքին:
3.2. Հասարակայնության հետ կապերի մասնագետը չպետք է օգտագործի հասարակայնության հետ կապերի այլ մասնագետի պատվիրատուի արժանապատվությունը նսեմացնող մեթոդներ:
3.3. Հասարակայնության հետ կապերի մասնագետը չպետք է օգտագործի հասարակայնության հետ կապերի այլ մասնագետի թողարկած արտադրանքը առանց վերջիններիս համաձայնության և պարտավոր է հարգել հեղինակային իրավունքը:

4. ԶԼՄ-ների և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ հարաբերությունների սկզունքները
4.1. Տեղեկատվությունը ԶԼՄ-ներին պետք է տրամադրվի անվճար: Անթույլատրելի է ցանկացած գաղտնի պարգևատրում` տրամադրվող տեղեկատվությունը ԶԼՄ-ների կողմից օգտագործելուն կամ հրապարակելուն օժանդակելու համար:
4.3. Տարածվող տեղեկատվության նկատմամբ նախաձեռնություն ցուցաբերելու կամ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտության դեպքում, հասարակայնության հետ կապերի մասնագետը կարող է օգտվել վճարովի եթերաժամի կամ հրապարակումների հնարավորությունից` ըստ ընդունված կանոնների և պրակտիկայի:
4.4. Այլ ոլորտների ներկայացուցիչների հետ հարաբերություններում հասարակայնության հետ կապերի մասնագետը պետք իմանա և հարգի տվյալ ոլորտներում ընդունված կանոններն ու պրակտիկան, ինչպես նաև հետևի դրանց այնքանով, որքանով դրանք համապատասխանում են սույն կանոններին:

5. Վերաբերմունքը հասարակայնության հետ կապերի մասնագիտությանը
5.1. Հասարակայնության հետ կապերի մասնագետը պետք է ձեռնպահ մնա ոլորտի հեղինակությանը վնասող ցանկացած գործողությունից. չվտանգի ազգային մասնագիտական ասոցիացիայի (APRA), նրա գործառույթների արդյունավետ իրականացումը և բարի համբավը:
5.2. Հասարակայնության հետ կապերի յուրաքանչյուր մասնագետ, սույն կանոններին միանալու պահից, պարտավորվում է ոչ միայն անձամբ հարգել դրանք, այլ նաև նպաստել կանոնների հրապարակայնությանը:
5.3. Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի լիազորված մարմինը պարտավորվում է ընդունել վարքագծի խախտումների մասին զեկույցները, քննարկել դրանք, և դրսևորել հստակ դիրքորոշում: