Պատմական ակնարկ

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ստեղծվել է տեղեկատվության եւ հաղորդակցության ոլորտի մի խումբ պրոֆեսիոնալների կողմից եւ ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրում գրանցվել է 2003 թվականի ապրիլին:

Ստեղծելով ասոցիացիան՝ նրա հիմնադիրները առաջնորդվել են այն սկզբունքով, որ ժողովրդավարության ձգտող հասարակությունը պե'տք է տեղեկացված լինի ինչպես պետական մարմինների, այնպես էլ մասնավոր եւ հասարակական սեկտորների գործունեության մասին հավասարապես, ինչը կնպաստի քաղաքացիական հարաբերությունների առողջ զարգացմանը: Սրան հնարավոր կլինի հասնել միայն այն դեպքում, երբ բոլոր ինստիտուտները՝ իշխանությունները, մասնավոր սեկտորը, կրթական, քաղաքական, մշակութային եւ հասարակական կազմակերպությունները կապահովեն արդյունավետ փոխգործակցություն՝ իրենց գործունեության մասին բոլոր շահառուներին տրամադրելով համապարփակ տեղեկատվություն:

Հիշատակված գործընթացների արդյունավետության ապահովումը մեծապես պայմանավորված է հասարակական վերահսկողության մեխանիզմների գործարկմամբ: Այս առումով առանձնահատուկ դեր պետք է վերապահել հատկապես հետադարձ կապի հնարավորությանը, քանզի միայն գործող միջոցների եւ մեթոդների համակցությունը կարող է ապահովել ինստիտուտների աշխատունակությունը՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը, վերացնելով հասարակության մեջ առկա անհավասարությունն ու իշխանության չարաշահումը: